Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է, որը բավական հաճախ է հանդիպում կանանց մոտ: Տղամարդիկ այս հիվանդությանը հազվադեպ են բախվում ֆիզիոլոգիական առանձնահատկությունների շնորհիվ: Բանն այն է, որ նրանց միզուկն ավելի երկար է, ինչը բարդացնում է վարակի ներթափանցումը: Ցիստիտի կլինիկական ախտանշանների շարքին են դասվում. հաճախամիզությունը, որն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավերով, մեզի գույնի փոփոխությունը, դրանում էպիթելերի, իսկ որոշ դեպքերում անգամ արյան առկայությունը, միզելու «կեղծ» ցանկությունը, ընդհանուր ինքնազգացողության վատացումը, իսկ երբեմն էլ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (38.5˚C-ի սահմաններում), ախորժակի կորուստն ու ծարավի զգացումը, ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանշաներն ու աշխատունակության անկումը: Փորձը ցույց է տվել, ցիստիտի կլինիկական ախտանշանների տևողությունը 55 տարեկանից հետո միայն աճում է: Հիվանդության սրման փուլում լիարժեք բուժումը շատ կարևոր է, քանի որ այս ընթացքում միզապարկի վարակման հարուցիչի ոչնչացումը բարձրացնում է քրոնիկ ցիստիտից խուսափելու կամ դրանից առհասարակ ազատվելու հավանականությունը Բուժման համար սովորաբար օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք նշանակում է ուրոլոգը մեզի անալիցի միջոցով հիվանդության հարուցիչի որոշումից հետո: Այս հիվանդության դեպքում անպայման նշանակվում են նաև ֆունգիցիդներ, որոնք նախատեսված են սնկային վարակների դեմ պայքարի համար: Բանն այն է, որ ցիստիտի ժամանակ սնկային վարակները հիմնական վարակի հետ մեկտեղ հաճախ են ախտահարում միզապարկը: Հիմնական բուժումից բացի հարկավոր է հետևել նաև որոշ կանոնների, որոնք կօգնեն մեղմել հիվանդության ախտանշանները: Առաջին հերթին հարկավոր է բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել, ինչը նպաստում է առատ միզազատությանը՝ դրանով իսկ մաքրելով միզապարկը մանրէներից ու նրանց կենսագործունեության արգասիքներից: Նման դեպքերում կարելի է խմել ինչպես հասարակ մաքուր ջուր, այնպես էլ հատապտղային մորսեր ու բուսական թուրմեր: Խորհուրդ չի տրվում օգտագործել այնպիսի ըմպելիքներ, որոնք նպաստում են միզապարկի լորձաթաղանթի գրգռմանը: Նման ըմպելիքների շարքին են դասվում սուրճը, թունդ թեյը և ալկոհոլը: Քրոնիկ ցիստիտը ոչ միայն կարելի է բուժել, այլև պետք է, այլապես օրգանիզմում մնացած վարակը կարող է պարբերաբար կրկին բորբոքում առաջացնել: Ցիստիտի սրմանը նպաստող գործոններն են գերսառեցումը, գերհոգնածությունը, սննդակարգում համեմունքներով հարուստ ուտեստների առկայությունն ու ալկոհոլի գործածությունը: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-23 10:36:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003