1-ին տիպի հասարակ հերպեսի վիրուսը կարող է դրսևորվել ոչ միայն շուրթի վրա ի հայտ եկող հերպեսի բշտիկներով, այլև տենդով: Այս վիրուսը կա մարդկանց 90%-ի օրգանիզմում, սակայն այն ոչ բոլորի մոտ է դրսևորվում, քանի որ դա կախված է երկու կարևոր գործոնից՝ մարդու իմունային համակարգից և վիրուսի ակտիվությունից: Սովորաբար հիվանդության սրմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը կամ սուր շնչառական վիրուսային վարակները, սակայն քչերը գիտեն, որ գոյություն ունի նաև «արևային հերպես», որը սովորաբար ի հայտ է գալիս տաք վայրերում կամ լեռնային շրջաններում հանգստի ժամանակ, երբ մարդը ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությանը: Սա է պատճառը, որ նման ուղևորություններից առաջ հարկավոր է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որ հիվանդությունը սրվի: Բացի այդ, հերպեսի կարող է կրկին ի հայտ գալ ատամնաբուժական պրոցեդուրաների, աչքերի վիրահատությունների և առհասարակ դեմքի հատվածում կատարված ցանկացած կոսմետիկ ու բժշկական պրոցեդուրաների դեպքում, որոնք կարող են վնասել նյարդային մանրաթելերը: Սա է պատճառը, որ հերպեսի սրման դեպքում հարկավոր է հրաժարվել նման պրոցեդուրաներից և առաջին հերթին բուժման կուրս անցնել: Ոչ շատ լուրջ դեպքերում հերպեսի հետևանքով առաջացած բշտիկներից կարելի է ազատվել 3-4 օրում, սակայն եթե դրանք չեն անհետանում և հիվանդի մոտ պարբերաբար տենդ է առաջանում, ապա հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ այս դեպքում լուրջ բուժում է պետք: Հիվանդության նման ընթացքը խոսում է իմունային համակարգի հետ կապված խնդիրների մասին, ուստի հարկավոր է ընդունել ոչ միայն հակավիրուսային դեղամիջոցներ, այլև իմունային համակարգն ամրապնդող միջոցներ, որոնք պետք է նշանակի միայն բժիշկը: Նմանատիպ բուժում է հարկավոր նաև այն դեպքում, երբ բշտիկների հետ մեկտեղ ի հայտ են գալիս ընդհանուր ախտանշաններ, որոնց շարքին են դասվում մարմնի բարձր ջերմաստիճանը, դողը, քնկոտությունը, հոգնածության զգացումը կամ եռվորյակ նյարդի հետ կապված ցավային համախտանիշը: Ներկայում գոյություն ունեն տեղային օգտագործման բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են ազատվել բշտիկներից: Սակայն մարդիկ փորձում են գտնել ավելի արդյունավետ միջոցներ, որոնք թույլ կտան բուժել հերպեսն ինքնուրույն՝ առանց բժշկին դիմելու: Այնուամենայնիվ՝ մասնագետները նշում են, որ եթե տենդն ի հայտ է գալիս 3-4 տավա ընթացքում մեկ անգամ, ապա անհանգստանալու պատճառ չկա և կարելի է բուժել այն ինքնուրույն՝ օգտագործելով տեղային ազդեցություն ունեցող դեղամիջոցներ: Նույն կերպ կարելի է բուժել հերպեսը նաև այն դեպքում, երբ հիվանդությունը սրվում է տարեկան առավելագույնը 4 անգամ, ի հայտ չեն գալիս լուրջ ախտանշաններ, իսկ բշտիկներն անհետանում են 3-4 օրվա ընթացքում: Հարկ է հիշել, որ հերպեսով կարելի է վարակվել անգամ այն դեպքում, երբ վարակված մարդու մոտ չկան բշտիկներ ու հիվանդության ակնհայտ ախտանշաններ: Մասնագետները նշում են, որ վարակված մարդկանց մոտ 30%-ի մոտ սուր վարակիչ հիվանդությունների ժամանակ վիրուսը պարունակվում է թքի մեջ, ուստի այդ ընթացքում հարկավոր է անպայման հետևել անձնական հիգիենային՝ չվարակվելու կամ մյուսներին չվարակելու համար: Հիգիենայի կանոններին հետևելը հատկապես կարևոր է 8-9 ամսականից մեծ երեխաների դեպքում, քանի որ մինչ այդ նրանց օրգանիզմում դեռ պահպանվում են մորից ստացած հակամարմինները, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, սակայն հետագայում դրանք անհետանում են: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-20 11:03:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003